English   
Russian   
 
 
 
 


[ Մեր մասին ]
 Ցուցահանդեսներ 
 Ցուցադրություն 
 Ինչպե՞ս ձեռք բերել 
 Գնացուցակ 
 Կապ 



aniin - Armenian National Intelectual InterNet
 



ԵՐԳՈՂ ԱՍԵՂՆԱՊԱՏԿԵՐՆԵՐ

Ազգային երգի, երաժշտության, ասեղնագործության բավական պատշաճ ու գեղեցիկ մատուցմանը թերևս կարող ենք ականատես և ունկնդիր լինել, իսկ դրանց ներդաշնակ ու իմաստալից զուգորդումը, անշուշտ, բացառիկ ու աննախադեպ է մեր իրականության մեջ: Սակայն երբ այն ունենում է նաև փիլիսոփայական ու խոր մեկնություն, անկրկնելի ու յուրօրինակ արտահայտություն, հաճելիորեն ապշեցնում է, սրտեր գրավում և դառնում ազգային հպարտության, պարծանքի ու նկարագրի լավագույն դրսևորում:

Որտեղի՞ց ենք եկել. ովքե՞ր ենք և ո՞ւր ենք գնում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները, անշուշտ, կգտնենք Արմինե Հայրապետյանի զարմանահրաշ ասեղնապատկերներում, որոնք երգող են, պարող ու ասմունքող: Դրանք ասես անձեռակերտ հուշակոթողներ լինեն, որ հյուսված են անմրցելի ճաշակով, գունային նուրբ ներդաշնակությամբ, խոր ու իմաստալի կենսափիլիսոփայությամբ: Աշխատանքները հուշում են, որ գործ ունես կանացի աստվածատուր շնորհքի, խորաթափանց մտքի ու հստակ ասելիքի հետ:

Արմինե Հայրապետյանի աշխատանքներում հենց այնպես, իբրև սոսկ գեղեցկության, պատահական ու անիմաստ գործի չեք հանդիպի: Յուրաքանչյուր աշխատանք վկայություն է հարուստ հոգու, ներաշխարհի, ապրած տառապանքի, հույսի ու երջանկության ինքնուրախ պոռթկումի, որ միտված է հաստատելու քրիստոնեական անհերքելի ճշմարտությունները, բարու, գեղեցիկի հաղթանակը: Մեկ անգամ ևս հաճելիորեն համոզվում ես, որ մարդկային մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում, որ Աստծո ստեղծած զարմանահրաշ բնության լավագույն դրսևորումներից մեկը՝ մարդը, անմրցելի է իր արարելու կարողությամբ, իսկ արարման սահմաններն անեզր են: Այդ ստեղծագործությունները հավերժության համար են հյուսված, ձուլվում են բնությանը, դառնում նրա մի հրաշք մասնիկը:

"Խաչքար" խորագիրը կրող կոթողային այս գործը հյուսվել է մեր ազգի ճակատագրում, պատմական որոշակի ժամանակահատվածում իր ուրույն տեղն ու դերը ունեցած ազգային գործչի՝ Կարեն Դեմիրճյանի պայծառ հիշատակին: Հիրավի, Վանի արժանավոր զավակները շատ են, սակայն այս դեպքում Վանի արժանավոր որդուն վանեցու բազմաշնորհ թոռնուհուց յուրօրինակ մի ձոն է կերտվել, նրբահյուս մի հուշակոթող:

Հայտնի փաստ է՝ ոչ մի խաչքար մյուսին չի կրկնում: Ապշում ես, թե մարդկային միտքը երկրաչափական այդ պարզունակ պատկերների քանի՜ նոր ու յուրովի տարբերակ կարող է առաջարկել: Խաչի լուսապայծառ նշանի կենտրոնում փայլող արևն է՝ իր հավերժության ու անսպառ լույսի, հույսի, հավատի խորհուրդով: Այնպիսի վեհություն կա, նուրբ ու անկրկնելի ճաշակ, գույների խաղ, որ թվում է աստվածային մի հրաշքով երկնքից է իջել հենց Վանում, կամ ինքը՝ հեղինակը, այս իսկ գործով խաչքար է դարձել, ձուլվել նրան ու երգել իր իսկ բառերով.

... Ես կուզեի վանք լինեիր Վանա հողում,
Ես գլխահակ մոմ վառեի քո խորանում,
Ու ծնկաչոք աղոթեի ես քեզ համար,
Խաչքար դառնայի իմ կարոտած Վանա հողում:

Ասեղը, թելը, կտավը, խոսքը, երաժշտությունը, ձայնը ձուլվում են ու չես հասկանում՝ որն է թագավորում, որն է առաջնայինը: Պատահական չէ, որ աստվածատուր շնորհքը բազմաշերտ է լինում: Ստեղծագործ մարդու համար կարևոր չէ՝ ինչ նյութով է աշխատում, միևնույն է, նա ասելիք ունի ու շնորհ՝ այն երկնելու, իսկ մեզ մնում է զարմանալ, թե Աստված որքա՜ն շռայլ է եղել այս դեպքում՝ բանաստեղծություններ ու երգեր է գրել, և՛ նկարել, և՛ ասեղնագործել, շատ չէ՞ մեկ մարդու համար: Համոզվում ես, որ Ամենակարողը շռայլ է եղել, մնում է բացահայտել, իսկ Ա. Հայրապետյանին հաջողվել է ինքնադրսևորվել, մնայուն արժեքներ ստեղծել բոլոր ոլորտներում էլ, սակայն, անշուշտ, սա ասեղնապատկերների տիրուհի է:

Խաչն ամեն հայի ու քրիստոնյայի հոգում է, մտքում ու սրտում, նրա գեներում ու արյան մեջ: Մեզանից շատերը աստվածապաշտ չեն և նույնիսկ լավ չգիտեն այս պատկերի խորհուրդը, բայց ժառանգության անխախտ ուժով զգում են Նրա զորությունը, եթե ոչ սթափ ու արթմնի, ապա մտքով ծնկի են գալիս, հավատում ու ամենավերջին հույսով Նրան ապավինում: Այս խորհրդին համարժեք ու արժանավայել մեկ ուրիշ գործի ենք հանդիպում Արմինե Հայրապետյանի աշխատանքներում, որն և պարզ է ու միաժամանակ բարդ, մանվածապատ, նաև հստակ՝ մեկ անգամ ևս հավաստելով, որ մենք իսկապես քրիստոնյա ազգ ենք: Հստակ գծերը միահյուսվում են ու երգո՞ւմ, թե՞ պարում՝ դժվար է ասել: Գծերը ձուլվում են ու կոչ անում, հրամայում ու պատվիրում՝ մնալ հավատարիմ Քրիստոսի գործին ու մտքին, պատվիրաններին ու ուսմունքին, լինել ազնիվ, պարզ և ուղղամիտ: Նայում ես խաչին ու համոզվում, որ հատկապես սրա կողքին ստել չի կարելի, իսկ խաբելն ու պղծելը չեն ներվի: Երկյուղում ես ու վերադառնում արմատներիդ:

Իսկ "Խաչծաղիկ" լսե՞լ եք: Եթե՝ այո, ապա տեսեք, թե ինչպիսին այն կարոդ է լինել: Սա արդեն հստակ պար է, խմբապար, ճկուն ու նազելի, փունջ-փունջ ու մեկուսի, բայց կենտրոնում խումբն է, միությունը, որ վկայում է մեծ պոետի լեզվով բանաձևված ճշմարտությունը. "Մեր փրկությունը մեր միասնության մեջ է": Եթե միայն այս ամփոփումն ունենանք այս գործից՝ արդեն լավ է, իսկ դեղինը, կանաչն ու նարնջագույնը աչք են շոյում, ձուլվում ու խելահեղ, խելակորույս ու գիրկընդխառն մի պար սկսում, որին սրտի թրթիռով ականատես ու շունչդ պահած սպասում ես, որ չընդհատվի, առավե| ևս՝ չավարտվի:

Հապա "Խաչազարդ" խորագրված մի ուրիշ գործ, որ խաչերի միլիարդերորդ համարում ևս զարմացնում է իր մտահղացման յուրօրինակությամբ: Խաչը շրջանակի մեջ է՝ երիզված նրբահյուս ժապավենով և ամփոփված է տերևների շուրջպարով: Դե՛ երգեք ու պարեք, ուրախացեք ու փառավորվեք, որ հայ կինն է երկնել, իսկ երկունքն աստվածային է ու աստվածահաճո:

Կոթողային մյուս գործն անշուշտ "Քելե՛, լաո"-ն է, որ Արմինե Հայրտպետյանի աշխատանքների գլուխգործոցն է: Հավանաբար աննախադեպ է երաժշտական ասեղնապատկեր-քարտեզը: Մի ուրիշ տեղ տեսել եք նոտայագրված երգ՝ ծաղկազարդ ու քարտեզագրված, Հայաստան ու Արցախ աշխարհները ձուլված, բայց իրենց ուրույն դեմքով, որ դիտողին միանշանակ պատվիրում են. "Քելե՛, լաո՛, քելե՛ էրթանք մեր էրգիր": Ու "Որտեղ հաց, էնտեղ՝ կաց" միտքը հօդս է ցնդում, եթերում անհետ կորչում, անէանում, քանզի կան մնայուն արժեքներ, ուստի արժեքային համակարգը որքան էլ խարխլվի, ձևախեղվի ու րոպեական շահերը գերիշխեն, միևնույն է, նրբահյուս այս մնայուն գործը ճչում է. "Ամեն մարդ հայրենիքում է լիարժեք ինքնաարտահայտվում, կայանում իբրև քաղաքացի ու ստեղծագործում այս որակով":

Տեսե՞լ եք Արմինեի ժպիտը, ցավից, հոգու կորովից, կանացի մեղմ խառնվածքից բխող այդ լույսը ճառագուն: Չե՞ք տեսել, ուրեմն նայե՛ք նրա ծաղիկների աշխարհը, որտեղ կտեսնեք կանոնավոր և ուրույն մի "Ծաղկաբույլ", ուր յուրաքանչյուր ծաղիկ իր գույնը ունի, թեև միանման են նրանք ժպտում, բայց իրենց յուրահատուկ նրբերանգներով հուշում են սևակյան ճշմարտությունը. "Նորից չեն սիրում, սիրում են կրկին": Գործն այս հիշեցնում է կանոնավոր ծադկաշքերթ ու զարմանում ես, թե որտեղի՞ց այսպիսի համաչափություն ու կանոնավոր միտք, սահուն ու պայծառ գիծ: Կաթնագույն լույս է ճառագում ծաղկաբույլից: Իսկ երբ իմանում ես, որ Արմինե Հայրապետյանը մաթեմատիկոս է իր հիմնակրթությամբ, ամեն ինչ առավել, քան հասկանալի է դառնում, այլապես ասեղնագործողները քիչ չեն և հրաշք գործերն էլ՝ հայոց տիկնանց աշխատանքներում, բայց Արմինե Հայրապետյանն առանձնանում է իր կա նոնավոր մտածողությամբ, տրամաբանված մտքով, իմաստավորված ասեղնապատկերներով:

Ծաղիկները շատ են ու բազմազան, բայց "Երեքնուկ"-ն առանձնանում է, քանզի Պարույր Սևակի համանուն գործին արժանի մի փայլուն ծնունդ է: Կրկին պոեզիան երաժշտություն է դարձել, իսկ Արմինե Հայրապետյանը այն հավերժացրել է ասեղ նա պատկերներով: Ակնհայտ է, որ ստեղծագործողը կարդացած է, ունի նուրբ ճաշակ ու գրական կերպար կերտելու, վերարտադրելու լավագույն ձիրք: Շատերս ենք կարդացել, սերտել, հավանել ու փայփայել և՛ այս ծաղիկը, և՛ գրական գործը.

Անուններում երեք հոգու
Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ,
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը՝ ոչ մի անգամ:

Բայց քանիսը կկարողանան յուրովի մեկնել, այն էլ այսպիսի նրբությամբ, ճաշակով, իմաստավորված, այսպիսի կատարելությամբ, ու ծաղիկները ասեղնագործվում են շատ բնական և դաշտային ծաղիկների այսպիսի անզուգական փունջը կարող է մեղմել հոգու խռովքը, մարդուն տանել երազների գիրկը:

Պարզից էլ պարզ է, որ խաչքար պատկերողը նախ պետք է ունենա տաղանդ ու հայկական հոգու խոր զգացողություն: Այդ են պահանջում նաև "Կենաց ծառը" և "Կռունկը" ստեղծագործությունները: Կենաց ծառը իրական բույս էր դրախտում՝ արդարներին անմահություն պարգևելու համար: Գուցե հենց սրանով է Արմինե Հայրապետյանն անմահություն հյուսել իր համար, չէ՞ որ Կենաց ծառի գաղափարի մեջ ընդգրկվել են ոչ միայն քրիստոնեական, այլև մարդկության կենսափորձային իմաստությունները, քանզի այն խորհրդանշում է ամուսնացող զույգի, ընտանիքի, տոհմի, ազգի հավերժության իմաստը: Այս զարդամոտիվը բազմիցս կրկնվում է Արմինե Հայրապետյանի աշխատանքներում, սակայն հենց այս խորագիրը կրող գործը նրա զարդարվեստի հիմնասյուներից է: Ծառի տարիքը բունը հատելով են որոշում, աշխատանքի հիմքում հենց հատված ծառաբունն է, որից ձևավորվում ու կազմավորվում է մայր տերևն իր բազում տերևիկներով՝ խորհրդանշելով ցեղի շարունակության սուրբ գաղափարը: Տասներեք թիվը աստվածաշնչային խորհրդանիշ է (Իսրայել նահապետն իր տասներկու որդիներով, Հիսուսն իր տասներկու առաքյալներով և այլն), և այն մարմնավորված է տերևի ճյուղերի գծապատկերում: Ծառը փթթում է հենց առաջին տերևով, այնուհետև բացվում են մյուս բոլոր տերևիկները: Ահա այս մոտիվը բոլորովին նոր իմաստով ու հմայքով օգտագործված է Արմինե Հայրապետյանի արվեստում:

"Կռունկը" պանդուխտ հայի խորհրդանիշն է՝ միշտ ազատաբաղձ ու հայրենակարոտ, պապակաշուրթ ու թախծոտ: Այս գործը նվիրված է հայ մտքի ու երգի անհաս բարձունքին՝ Կոմիտասին: Անհաս մի գագաթ, որը դարձել է հայի այցեքարտն ու անծիր աշխարհի ցանկացած համերգասրահ շռնդալից, հոտնկայս ծափողջույններով պայթեցնելու ուժը: Եթե ուզում ես աշխարհի քաղաքացուն հաղորդակից դարձնել հային, հայ մշակույթին ու մտքին, բավական է միայն Կոմիտասի երաժշտությունը: Ասեղնապատկերին նայելով՝ համոզվում ես, որ հայուհի արվեստագետը լավագույն արդյունքի է հասել: "Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խաբրիկ մը չունի՞ս..." տողերի կողքին չի խամրում աշխատանքը, այլ մի փոքրիկ կռունկով սկսված նրբահյուս այս ձոնը բազմաթիվ ասեղնագործ հնարքներով շրջագծեր է հյուսել՝ մեկը մյուսից կատարյալ ու ավարտուն:

Հայի մյուս խորհրդանիշը լավաշն է ու սրա կողքով էլ անտարբեր չի անցել արվեստագետ հայուհին: Աշխատանքի կենտրոնում հինգ նրբահյուս ծաղիկներ են՝ խորհրդանշելով բնակեցված աշխարհամասերը, որոնց բոլորի համար հացը կյանքի աղբյուրն է: Փոքրիկ լավաշները հաջորդում են միմյանց, իրար նման ու տարբեր՝ կազմելով մի մեծ լավաշ, իսկ ծաղկաշղթան ամփոփում է աշխատանքը՝ խորհրդանշելով մարդկությունը, որն ի վերջո հացով է ապրում: Ա. Հայրապետյանը այս աշխատանքով հաց է սփռում աշխարհում՝ մարդկությանը ապրելու և բազմանալու պատվեր տալով: Այս գործերի մեջ կատարման տեխնիկան այնպիսի կատարելության է հասցված, որ զարմանում ես մարդկային ձեռքի վարպետությամբ:

Զարմանահրաշ երևույթ է. ունեցել ենք Այնթափի, Մարաշի, Ուրհայի, Վանի, Սվազի, Քիլիսի և այլ վայրերի ասեղնագործական դպրոցներ՝ մեկը մյուսին նման և միաժամանակ խիստ տարբեր, նման՝ իրենց հայկականությամբ և տարբեր՝ իրենց անհատականությամբ, վարպետուհու ճաշակի, աշխարհըմբռնման, խորամտության, գործիմացության ուրույն զգացողությամբ:

Ուրախալին այն է, որ յուրովի տիրապետելով հիշյալ վայրերի ասեղնագործական դպրոցների նվաճումներին, հայոց գույների ու նախշերի պատմությանը, Արմինեն իր կտավներում "երգում" է, իր իսկ ձայնով, այսինքն՝ իր գույնով, իր նախշերով, իր ըմբռնումներով ու ճաշակով՝ դրանով իսկ պահպանելով բուն հայկական ասեղնարվեստի ոգին և էությունը՝ անհատականության իր ակնահաճո դրոշմ-դաջվածքով: Գույների ինչպիսի՜ զուսպ, գեղեցիկ, նուրբ ու հայաբույր խաղ, պատկերների որպիսի արտահայտչականության, զգացումների ներքին տրամաբանական կապերի խորախոր հուրդ համաձուլվածք, ասելիքի պարզություն ու պարկեշտություն: Հեշտ է այսպես բնութագրելը, իսկ որքան տվայտանք ու տքնանք, սեր ու կորով, ներքին տառապանք ու լարում, անքուն գիշերների շարան է ապրել նա, որոնք վերջակետվել են մեկուկես-երկու տարուց հետո միայն: Եվ մեր այն հարցին, թե ո՞րն է գաղտնիքը, որ նա մի կտավի վրա անձանձիր աշխատել է երկու տարի, միակ պատասխանը սպասելի էր՝ "սերը": Այո՛, սերն է գոյության միակ առհավատչյան, կյանքի գոյատևումը, խորհուրդը խորին:

"Իմ արվեստում ինձ շատ է օգնել հատկապես երաժշտությունը",– ասում է Արմինեն,– կարծես թե ամեն մի ասեղնագործական կտավ մի ամբողջական սիմֆոնիա լինի": Նշենք, որ Արմինեն օժտված է գեղեցիկ ձայնով և երգը անբաժան է նրա ձեռագործ արվեստից: Եվ շատ ճիշտ է համադրում երգն ու ասեղնագործությունը, քանզի քանդակագործությունը, օրինակ, եթե քարե երաժշտություն է, ապա ասեղնագործությունը թելային պատկերների համանվագ է: Ի դեպ, արվեստի ճյուղաբաժանումը նույնպես պայմանական է, քանզի ամեն մի ճյուղ յուրահատուկ գեղարվեստ է՝ բառիս նեղ ու խոր իմաստով: Դրանք ի մի գալով՝ դառնում են արվեստ:

"Սիրուն ծաղիկ" ասեղնապատկերը հյուսվել է Մարգարիտ Չախոյանի տողերի ազդեցությամբ:

... Սիրուն ծաղիկ, կոկոն էիր նորաբաց,
Երբ արևի շողերի մեջ քեզ տեսա:

Մուգ երանգների համանվագ է, նոր լուծումների վառ օրինակ: Ծաղիկը, տերևը յուրահատուկ խորհրդանշաններ են Արմինեի համար, բնության մի մասնիկ, որը խորն իմաստավորված է նրա գործերում: Աշխատանքների խորագրերն ինքնին խոսուն են ու հուշում են լայն մտահորիզոնի ինքնադրսևորման մասին: Թվում է՝ կա ճշմարտություն, կենսափիլիսոփայություն, որ դարերով է հաստատված, ու դրան հավելելու բան չկա, վերջակետ է դրված, ու պիտի պարզապես հաշտվես այդ մտքի ավարտուն և ամբողջական լինելու հետ: Բայց Արմինեին հաջողվել է նորովի մեկնել, նոր լույս սփռելու խորագրին արժանի գործ մեզ հրամցնել:

Երգը, երաժշտությունն անշուշտ օգնել են, նպաստել, որ գեղեցիկ ասեղ նա պատկերները խոսեն, իմաստավորվեն ու գերեն դիտողին: Այսպիսին է "Հայուհի" աշխատանքը, Աշոտ Գրաշու և Ստեփան Ջրբաշյանի համատեղ գործի կողքին մեր առջև է "Հայուհի" կտավը, որը հիրավի միայն հայուհին կարող էր կերտել իր նուրբ ու հմուտ մատներով, իր հեզ ու մեղմ էությամբ, իր զուսպ վարքագծով, լուսավոր ու պայծառ հայացքով: Բայց որ ժողովրդական երգը կարող Է դառնալ ասեղնապատկեր, ուրեմն մտքի թռիչքը սահմաններ չի ճանաչում:

Մարալո՜, սարերի հովին մեռնեմ,
Մարալո՜, իմ յարի բոյին մեռնեմ,
Մարալո՜, հայ Մարալո՜, Մարալո՝,
Մարալո՜ սարի աղջիկ դարալո...

Հնչում է մեր ականջներում և ականատես ես դառնում սարի աղջկա մի յուրահատուկ պատկերի, որի բոյ-բուսաթին նայելիս հասկանում ես, որ բեմականացված աշխատանքի հետ գործ ունես: Սա այն հազվագյուտ գործերից Է, որում շարժում կա, քարացած դրվագ չէ, այլ՝ սարերի հովը խաղում է նռան ծառի հետ, բազմերանգ աքաղաղն է իր "ծուղրուղուն" է կանչում՝ ավետելով այգաբացը: Սա բնության խոսուն պատկերներից մեկն Է:

Նուռը, նռան ծառը հայկական ստեղծագործություններում խորհրդանիշ Է եղել, կա ու կլինի, բայց այստեղ լուծումը յուրօրինակ Է: Այս անգամ ծառը դառնում Է մտքերի, հույզերի արտահայտման միջոց, ու խնձորի ծառն Էլ չի ուշանում:

Խնձորի ծառի տակին, խնձորի ծառի տակին,
Ես իմ յարին սիրեցի

Նորից ժողովրդական երգը հուշել է Արմինեին նոր միտք ու գաղափար, կրկին հյուսվել է ոգեղենն ու բացառիկը: Համո Սահյանի և Ալեքսեյ Հեքիմյանի հեղինակած ստեղ ծագործությունն էլ դարձել է նոր աշխատանքի հիմքը.

Ես չիմացա, թե ինչու,
Դու չիմացար, թե ինչպես
Պատահեցին մեկ մեկու
Մեր երազներն առանց մեզ...

Այս անգամ երկու սիրամարգներն են դարձել հերոսներ, լուծումն այնքան գեղեցիկ է, որ եթե Սահյանն ու Հեքիմյանը արդեն անդրադարձած չլինեին այս թեմային, ապա այս գործից հետո կգրեին ու կերգեին հենց այդպես:

"Էլեգիա" աշխատանքի համար հիմք է հանդիսացել Սիլվա Կապուտիկյանի բառերով երգվող Ալեքսեյ Հեքիմյանի երգը.

Դու վայրի ժայռի ծայրին
Քմահաճ կակաչ լինես
Ես նայեմ, նայեմ վարից
Ու քեզնից կարոտ մնամ:

Ավարտուն մի աշխատանք, որ կարող է կիրառական արժեք ունենալ: Ընդհանրապես Արմինեի աշխատանքները տոնուս են տալիս, բայց դրանցից շատերը արժեվորվում են նաև կիրառական նշանակությամբ:

Գուսան Աշոտի "Օջախում" անմահ ստեղծագործությունն էլ մեկ ուրիշ աշխատանքի հիմքն է: Նորից ծառն ու թռչունը խորհրդանշային լուծումներով իրենց արտահայտությունն են գտել: Արմինե ստեղծագործողը խոսքի և ստեղծագործության վարպետ է, որի վառ ապացույցն է "Սպասում"-ը.

Սպասում եմ քեզ ես շատ վաղուց,
Դու հոգուս մեջ ես ու իմ շուրթերին,
Հանդիպման օրից իմ սիրտն ես գերել
Ու կյանքս լցրել սիրո կրակով:

Իսկապես սպասող հեքիաթային սիրամարգ է, որ Մեծարենցյան շուրթերով մրմնջում է. "Սպասման հիվանդ եմ", այնքա՜ն սպասում կա նրա հայացքում, այնքա՜ն հույս ու լույս: Դեռևս փակ է նրա շքեղ փետրաշարքը, բայց բացվելու է՝ շլացնելով իր հա զարերանգ գունաշխարհով:

Նայում ես ասեղնապատկերներին ու հասկանում, որ աստվածային շնորհի դեպքում ստեղծագործողը ինքնարտահայտման, ինքնադրսևորման ձև է փնտրում միայն, քանզի շնորհալի մարդը ցանկացած բնագավառում կարող է փայլատակել, պարզապես, ինքնաբերաբար ընտրել իր համար ամենահոգեհարազատ եղանակը, կերպը:

Նայում ես "Նաիրյան աղջիկներին" ու չգիտես ինչու մտածում ես, որ հենց Չարենցը պիտի գրեր՝

...Ու Նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Տողերը, որ Արմինեն ասեղնագործել է, հավաստում են, որ տղամարդու հզոր մտքին ձուլվել է կանացի նուրբ ու ճկուն խելքը, և կատարյալ դարձրել ասեղ նապատկերը, քանզի մեկն առանց մյուսի՝ թերի է ու պարտված, մեկն առանց մյուսի՝ կոտրված ճյուղի է նման:

Խորհրդանիշերը շատ են Արմինեի գործերում. "Աշուն" կտավում պարզ տեսնում ենք, որ Ֆրանսիայի խորհրդապաշտներից փոխանցված տերյանական աշնան մեղմ ու նուրբ արտացոլն է կերտվել, բայց թումանյանական բանաձևմամբ.

Դեղնած դաշտերին իջել է աշուն,
Անտառը կրկին ներկել Է նախշուն:

Կրկին հաճելիորեն զարմանում ես: Թվում է, թե այդ խոշոր հսկաներից հետո նոր խոսք ասելն աշնան մասին թերևս անկարելի է ու անհնար, բայց հիանում ես նորովի մեկնաբանությամբ, կարկամում, որ աշնանային այսպիսի արտահայտությունն էլ է հնարավոր, ու չես ուզում հավատալ, որ կտավին ձեռք է դիպչել, և պուշկինյան ձևավորմամբ հեղինակն իրավունք ունի ասելու. "Ես հուշարձանն իմ կանգնեցրի անձեռակերտ":

Արվեստում խորհրդանիշերի շարքում իր ուրույն տեղը ունի ձուն: Արմինեին հաջողվել է շարք ստեղծել այս խորհրդապատկերներով՝ խաչը ձվի մեջ, հրաշք թռչունը և աղավնիները, ծառը, գեղեցիկ ասեղնապատկերները՝ ձվաձև շրջանակի մեջ: Սրանք նոր մտածողության, մտքի լավագույն դրսևորումներ են:

Թռչուններն էլ են Արմինեի գործերի կենտրոնում: Բնության ամենակատարյալ էակներին ու գույները բնության մյուս երևույթների հետ անցնում են Արմինեի հույզերով, մտքով ու ձեռքով և հետ վերադարձվում բնությանը: Աստված կատարյալ է, ուստի մարդը, որ Նրա պատկերով ու նմանությամբ է ստեղծված, աստվածային գործեր է ստեղծում: Ու հուզվում ես, որ Նարեկացին երիցս ճիշտ էր, որ մարդուն ասես հավասարեցնում էր Աստծուն և դիմում Ամենակարողին՝ "ի խորոց սրտի" խոսելով Նրա հետ:

"Հրաշք հավքեր" վերնագրված մանրակերտ այս հուշակոթողը, ինչպես բոլոր աշխատանքները, երկրաչափական գծի ու պատկերի խոսուն վկա է: Մնում ես ապշած՝ մտահղացման պարզ, բայց ոչ պարզունակ խորությամբ: "Խաղաղության աղավնիներ"-ում թագավորում են կապույտն ու երկնագույնը: Այս անգամ հյուսված են քսանչորս աղավնիներ՝ տասներկու վարդագույն, տասներկու երկնագույն՝ խորհրդանշելով երկու կիսագնդերը, օրն ու գիշերը, լույսն ու խավարը՝ ավետելով, որ դրանք հաջորդում են միմյանց, և առանց մեկի՝ մյուսն անիմաստ է, և բարին իմաստավորվում է չարով, լույսը՝ խավարով: Վարդագույն, կապույտ աղավնիները թռչում են աշխարհի չորս ծագերը՝ սփռելու հոգու և մտքի խաղաղություն, ավետելու բարիք ու սեր...

Ինձ թվում է, երբ արվեստի ստեղծագործության մասին ասում են, թե՝ զավակի է նման, երեխայի ծնունդի, չափազանցություն է, որովհետև մարդու ծնունդն ինձ համար միշտ ամենաբարձրն է ու կատարյալը, անհասն ու անմրցելին, սակայն այս դեպքում պետք է խոստովանել, որ կտավն իսկապես գավակի է համարժեք, քանզի Աստված ոմանց տվել է երկունքի այս ձևը: Ոմանք Աստծո հետ կռիվ են տալիս, թե. "Ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է", իսկ ես կարծում եմ, որ ամեն ինչ ճիշտ է, քանզի ստեղծագործելը ևս երկունքի ճիչ է ու պոռթկում, արվեստի արգանդից ազատված գավակի ծնունդ ու լաց, ուրախություն, երջանկության արցունք ու հոգու անզուսպ պոռթկում: Արարիչը երբեք չի սխալվամ: Նա միշտ ճիշտ է, պետք է մեկնդմիշտ հաշտվել այս ճշմարտության հետ, կռիվ չտալ, հոգու հետ հաշտ ու խաղաղ ապրել:

Ամեն հայի համար Վանը երազ է ու ցավ, թաքուն հույս ու սպասում, իսկ վանեցու համար՝ առավել խոր վիշտ ու անշեջ մորմոք: "Վան" աշխատանքը դրա լավագույն օրինակն է: Զարմանալի չէ, որ կանաչի բաց ու մուգ երանգներն են գերիշխում, որ հայը մի օր նորից կծաղկեցնի իր պատմական հողը և ասեղնագործ "Երջանկության բանալին" կբացի Վանի փակված դռները: Պահանջատիրությունն ու անհերքելի ճշմարտությունը կհաղթեն, և երջանկության բոլոր դռները կբացվեն մեզ համար.

Եթե ուզում ես երջանիկ լինել,
Վերցրու կյանքի դու այս բանալին,
Ու բաց դռները երջանիկ կյանքի
Եվ երջանկությունը բաշխի՛ր աշխարհին:
Քանզի կարիք կա աշխարհը լցնել
Բարությամբ, սիրով, գութ ու կորովով,
Թե չէ կճաքի մոլորակն այս խեղճ՝
Թողնելով մարդկանց չար խավարի մեջ:

Ասեղնագործում է Ա. Հայրապետյանը և վկայում, որ սա անանձնական երջանկու թյան վառ օրինակ է, ինչպես Մ. Մեծարենցն իր արդի հայ մարդու "Հայր մերը" գրելով, ասես աղոթում է.

Տո՛ւր ինձի. Տե՛ր, ուրախություն անանձնական...

Հավանաբար այս աղոթքը մրմնջալով է Արմինեն հյուսել այս հեքիաթային բանալին, որ այն նորից կախվի Վանում՝ բորտ հայերի դռներին: Կրկին մայր ու հայր թռչուններն են իրենց բազում անտուն, բնավեր ձագուկներով, որ կարոտով սպասում են հարազատ օջախ վերադառնալ անշեջ հույսի իրականացմանը, և այս բանալին գուցե օգնի բացելու մեր կորցրած հայրենիքի դարպասները...

Արդեն նշել ենք, որ փիլիսոփայական մեկնության շղարշով է պատված յուրաքանչյուր գործ, բայց "Լաբիրինթոս", "Թիթեռ", "Տիրակալ" աշխատանքները խոր վերլուծական մտքի առհավատչյաներ են:

"86400" թիվը կրող թիթեռի պատկերը ունի ճիշտ այնքան մասնիկ, որքան վայրկյան ապրում է ընդամենը մեկ օրվա կյանք ունեցող թիթեռը, իսկ Արմինեն գրում է.

Օ՜, մարդ արարած,
Արդյոք հաշվեցիր, թե ամբողջ կյանքում
քանի երջանիկ վայրկյան ապրեցիր,
Եթե ապրել ես դու այսքան վայրկյան,
ապրել ես մի օր՝ մի թիթեռի կյանք:

Ասեղնագործ այս աշխատանքն այնքան եթերային է, որքան թիթեռն ինքնին: Մաթեմատիկական ստույգ հաշվարկները շաղախված են լուրջ խոհերով, իսկ աշխատանքի տեխնիկան կատարելության է հասցված:

Մեկ ուրիշ աշխատանքի տակ, որը "Տիրակալ" է կոչվում, հեղինակը գրել է.

Նայիր այս որդին, ուշադիր նայիր,
Նա է տիրակալը հետմահու կյանքի,
Ու լավ մտածիր՝ արժե՞ այս կյանքում
Պալատ կառուցել ու դիզել ոսկի՝
Մարդկանց թողնելով սոված ու մոլոր
Ու դառնալ բաժին տիրակալ որդի:

Որքան պետք է մարդը տառապած, ապրած ու իմաստնացած լինի, որ այս բոլորը ստեղծի, քանի անքուն ու իմաստավոր գիշերներ ու ցերեկներ պետք է խոկա, որ անշուք կտորին այսպիսի ձև ու իմաստ հաղորդի: Կյանքի ո՞ր լաբիրինթոսում պետք է մոլորվի թիթեռի մեկ օրվա կյանքը, որքա՞ն պետք է քննի ու զուգադրի որդի տիրակալության մասին, ինչքա՞ն պետք է "փիքր անի", որ ծնունդ տա այս օրինակ լուծման: Արմինե Հայրապետյանի գործերի հաջողության բանալին սերն է, անափ, անսահման, անեզր, անմնացորդ նվիրումը մարդուն, բնությանը, աշխարհին: Այսպիսի անսահման սիրո ապացույցներն են երրորդ հազարամյակի գյումրեցի առաջին երեխաների ծննդյան վկայականների աննախադեպ աշխատանքները: Այս անգամ ստեղծագործողը Գյումրին է նախընտրել, որ փլատակներից հառնեց ու ապացուցեց, որ կործանում չկա հայի համար: Ում մտքով կանցներ՝ հյուսել ծննդյան վկայականներ, կրկին եզակի միտք: Այսօրինակ մտահղացման արդյունքն է նաև "Օրրանի" թա փառաշրջիկ երեխաներին իրենց անվան առաջին տառերով հյուսված հուշանվերները, որոնք պիտի մղեն ուսման, ու մաշտոցյան այբուբենը նրանց առջև նոր դռներ պիտի բացի՝ զարմանահրաշ ու իմաստավոր: Թերևս այս միտքն իր կատարելությանն է հասել և Արմինեին մղել՝ հյուսելու նաև ամբողջ այբուբենը: Մեծածավալ այս աշխատանքը կդառնա Մաշտոցի գործի արժանի շարունակությունը:

Արմինեի որոշ աշխատանքներ հավերժացրել են նաև 1999թ. հոկտեմբերի 27-ին զոհ վածների հիշատակը՝ բոլոր ընտանիքներին նվիրելով ամուսինների առաջին տառերով ծաղկազարդված, նրանց թագն ու պսակը նշանավորող անկրկնելի հուշատախտակներ: Թերևս սրանք ևս եզակի են և ուրիշի վիշտն ու ցավը ամոքելու յուրօրինակ հավաստիացումներ:

Արմինե Հայրապետյանի ստեղծագործ միտքը սահմաններ չի ճանաչում: Այս անգամ նա մտահղացել է ժայռապատկերների թեմաներով ասեղնապատկերներ հյուսելու բացառիկ գործը՝ համոզված, որ դեռևս հնագույն ժամանակներում է ստեղծագործ միտքը կերտել, միայն տարբեր է եղել նյութը, ձևը, իսկ բովանդակությունը հավերժական է: Սրա վառ ապացույցը, ըստ Արմինեի, ժայռապատկերներից եկող չարենցյան ձևակերպմամբ "Դեպի արևն էին գնում ամբոխները խելագարված", որ հյուսվել է այս անգամ արդեն երրորդ հազարամյակում, ու պիտի շարունակվի, քանի մարդը կա...

Արմինե Հայրապետյանը բարեբախտաբար այն մարդկանցից է, ովքեր լավ են հասկանում ազգայինն ու համամարդկայինը ներձուլելու, իր անելիքը ծանրութեթևելու, եղածը ի խորոց յուրացնելու ապագան: Ուստի նա ի նորո ուսումնասիրեց ազգային արվեստն ու արհեստը, հատկապես միջնադարյան հայ մանրանկարչության զարմանահրաշ աշխարհը, ապա՝ այն դպրոցների ասեղնագործական արվեստը, որից ակունքվել է մեր ազգայինը՝ շառավիղներ ձգելով աշխարհի տարբեր ծագերում ու անկյուններում...

Նրա շնորհքը հաջողությամբ ձուլվելով ներքին զգայական ալիքներին, դրոշմվել է ասեղնապատկերներում, դիտողին առինքնելով ու նրան պարգևելով գեղեցիկը, մաքուր հայկականը, ինչպես և մարդկային խռովահույզ ոգու հստակ ըմբռնումն ու ճշմարիտ արվեստի անհագուրդ ըմբոշխնումը:

Տասնյակ ու տասնյակ մեծ ու փոքր ուրվագծեր, էսքիզներ, ասեղնագործական պատկերներ է ստեղծել Արմինեն, սակայն կարևորը ուրվանկարների ու պատկերների չափն ու ծավալը չէ, այլ այն, որ դրանցից ամեն մեկը խոսում է, երգում իր իսկ հեղինակի հոգու շուրթերով, հայոց ավանդական զարդարվեստի գունագեղությամբ՝ դիտողին պարգևելով սքանչելի, բնական, հաճելի զարմանքի պահեր և դիտողը ակամա շշնջում է. "Կեցցե արարողը":

Արմինե Հայրապետյանը գլխահակ հյուսում է իր աշխարհը, որը նաև մերն է՝ հայերինս...

Կարինե Միքայելյան
բանասիրական գիտությունների թեկնածու


Copyright ©  aniin.am  - 2005
Site Author & Sponsor - Rafayel Harutyunyan
Photos by Rafayel Harutyunyan
Design & Programming by Chuk Artak Harutyunyan (a.k.a. Chuk)